Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, հայտնում են կառավարությունից։
«Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ, ընդգծվել է 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների ի կատար ածման կարևորությունը»,- հավելել են կառավարությունից։
Գործադիրից հիշեցրել են, որ ըստ այդ պայմանավորվածությունների՝ Հայաստանն ու Ադրբեջանը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում է իրականացվելու Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, տարածաշրջանային ենթակառուցվածքների բացումը տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության, իրավազորության ներքո՝ փոխադարձության և հավասարության սկզբունքներով:
Փաշինյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հավատարմությունը նշված պայմանավորվածություններին և ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, տեղեկացրել են կառավարությունից։
2023-ի մայիսի 14-ին Բրյուսելում տեղի էր ունեցել Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը։ 2023-ի հուլիսին նույն կազմով եռակողմ ևս մեկ հանդիպում էր տեղի ունեցել, որի ընթացքում կողմքերը քննարկել էին տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրմանը վերաբերող հարցեր։