Գործարկվել է ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը, որի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել եկամուտների համընդհանուր հայտարարագիր, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը:
Գերատեսչությունը պարզաբանում է, որ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակում ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն պարզեցված կարգով հաշվառվել հարկային մարմնում և ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), տեսնել իրենց եկամուտները և կատարած սոցիալական ծախսերը, ներկայացնել «Եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ (հայտարարագիրը)» և ստանալ ծախսերի փոխհատուցում։
Համակարգը հասանելի է վեբ տարբերակով՝ https://self-portal.taxservice.am/։
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն: Հայտնում են, որ «Ես եմ» hարթակում անձի նույնականացման համար գործում է երկու տարբերակ՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։ Համակարգը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։
«Հաշվարկ-հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում սահմանված են պատասխանատվության միջոցներ․ առաջին անգամ չներկայացնելու դեպքում կիրառվում է նախազգուշացում, ապա տուգանք»,- նախազգուշացնում է ՊԵԿ-ը։