Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին հանձնարարել է պարբերաբար փակ հանդիպումներ անցկացնել Ացախից բռնի տեղահանվածների հետ՝ նրանց զայրույթը մեղմելու նպատակով, գրել է «Ժողովուրդ»-ը։
Թերթի տեղեկություններով՝ մարտի 21-ին կայացած փակ նիստի ժամանակ Փաշինյանի հրահանգը պատգամավորներին փոխանցել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Մարտի 5-ին ԱՍՀ մամուլի խոսնակ Զարուհի Մանուչարյանը Armenia Today-ին հայտնել էր Արցախից տեղահանվածներին հատկացվող աջակցության վերանայման մասին։ Նրա խոսքով` աջակցման նոր ծրագիր էր մշակվել, որը պետք է քննարկեին կառավարության նիստին։
Մարտի 6-ին Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը քննադատել էր արցախցիների սոցիալական աջակցության և նրանց բնակարանով ապահովելու ծրագրերը և ասել, որ դա կբերի զանգվածային արտագաղթի։
Մարտի 19-ի երեկոյան ԱՍՀ փոխնախարար Աննա Ժամակոչյանը հայտարարել էր, որ իշխանությունները մտադիր են առանց փոփոխության երկարաձգել տեղահանվածներին օգնության տրամադրումը մինչև 2024 թվականի վերջ։
Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի էր ունեցել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հանրահավաքը՝ ընդդեմ արցախցիներին բնակարանով ապահովելու կառավարության ծրագրի։ Հանրահավաքի ավարտին Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը հրապարակել էր հանրահավաքի միասնական հայտարարությունը, որը հանձնվել էր ՀՀ կառավարությանը։ Նախաձեռնությունը հույս էր հայտնել, որ 2 շաբաթվա ընթացքում կառավարությունը ներկայացրած պահանջները կքննարկի։