Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի կինը` դքսուհի Քեյթ Միդլթոնը, պաշտոնապես հայտարարել է, որ իր մոտ քաղցկեղ է ախտորոշվել, նրա խոսքերն է մեջբերում «The Independent»-ը։
Միդլթոնը, ում «անհետանալու» մասին վերջին ամիսներին բազմաթիվ վարկածներ են ի հայտ եկել, ասել է, որ որովայնի խոռոչի վիրահատության ժամանակ, որին նա ենթարկվել էր 2024 թվականի հունվարին, ուռուցքը չէր ախտորոշվել որպես քաղցկեղ։ Սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ չարորակ գոյացություն է։ Միդլթոնն այժմ կանխարգելիչ քիմիաթերապիա է անցնում։
«Ես լավ եմ, ես ամեն օր ուժեղանում եմ՝ կենտրոնանալով այն բաների վրա, որոնք ինձ վրա լավ են ազդում: Ուիլյամն իմ կողքին է, և դա շատ է օգնում։ Ինչպես և ձեր բարեմաղթանքները»,- ասել է դքսուհին:
Նա շնորհակալություն է հայտնել իր բոլոր երկրպագուներին աջակցության և ըմբռնման համար՝ հավելելով, որ վերջին ամիսներն իր համար դժվար են եղել։ «Բայց ես ունեի բժիշկների հիանալի թիմ, և նրանք ինձ շատ օգնեցին»,- խոստովանել է Քեյթը: