Դատարանը բավարարել է «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նրա տեղեկություններով՝ Սամսոնյանը տեղափոխվել է Արմավիրի ուղղիչ հիմնարկ։ Փաստաբանը մեղադրանքի առաջադրումն ու իր պաշտպանյալի կալանավորումն անվանել է «քաղաքական հետապնդում», որի նպատակն է լռեցնել «Իմնեմնիմի» փոդքասթը, որի հաղորդավարներից է Սամսոնյանը։ Նա ընդգծել է, որ Սամսոնյանի գործողությունները հանցագործության տարր չեն պարունակում:
Սամսոնյանը ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում (Խուլիգանություն մի խումբ անձանց կողմից` տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև հինգ տարի ժամկետով)։ Ըստ փաստաբան Ռուբեն Մելիքյանի՝ իրավապահները Սամսոնյանին ձերբակալել են «շատ կոշտ ձևով»։
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնել էին, որ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ սկսվել է ուսումնասիրություն: Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման այց էր իրականացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին:
Մարտի 15-ին Սամսոնյանն արդարացվել էր, նա մեղադրվում էր «բռնության կոչ» հնչեցնելու համար։