Մերձմոսկովյան Crocus City Hall-ում համալիրում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, նախնական տվյալներով, 40 մարդ է զոհվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ անվտանգության դաշնային ծառայությանը։
Հետախուզական ծառայության տվյալներով՝ տուժել է ավելի քան 100 մարդ։ ԱԴԾ-ն հայտնել է, որ հատուկ ծառայություններն օպերատիվ որոնողական աշխատանքներ են իրականացնում։ Միջոցներ են ձեռնարկվում տուժածներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։ Նշվում է, որ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության դեպքի առթիվ։
Գործակալության տվյալներով՝ համալիրի շենքում, որտեղ կրակոցներից հետո կրակ է բռնկվել, տանիքի մասնակի փլուզում է եղել։ Նախնական տեղեկություններով՝ այրվող շենքի ներսում դեռ կարող են մարդիկ լինել։ Հրշեջները շենքից տարհանել են մոտ 100 մարդու։
Հաղորդել էինք, որ անհայտ անձինք կրակ են բացել Crocus City Hall համերգասրահում։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կամուֆլյաժով մարդիկ ներխուժել են համալիրի և ինքնաձիգներով կրակել։