Դատարանը 2 ամսով կալանավորել է «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավար Վազգեն Սաղաթելյանին, լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա պաշտպան Արսեն Բաբայանը։
Նա հավելել է, որ պաշտպանությունը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը։
«Ցավոք, ինչպես սպասելի էր, դատարանը երկու ամսով կալանավորեց Վազգեն Սաղաթելյանին, նրան տեղափոխում են Արմավիր քրեակատարողական հիմնարկ։ Կստանանք դատական ակտն ու կպատրաստենք համապատասխան բողոք»,- ասել է պաշտպանը։
Ըստ Բաբայանի` դատարանը չի անդրադարձել այլընտրանքային խափանման միջոցներին և նույնիսկ չի էլ քննարկել։
«Նույնիսկ եթե համարենք, որ հանցագործությունը նման է խուլիգանության, այլընտրանքային խափանման միջոցներ կան։ Գոյություն ունի շատ պարզ խափանման միջոց՝ վարչական հսկողությունը, որի ընթացքում կարելի էպայման դնել, որ, օրինակ, դադարի (մեղադրյալը-խմբ․) վարել հաղորդումը։ Կար նաև տնային կալանքի հնարավորություն»,- բացատրել է նա։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը փոդքասթի հաղորդավարների ձերբակալությունները անվանել է «ռեպրեսիվ ապարատի» դրսևորում և դրանք կապել Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական կուրսի հետ։
«Այն, ինչ կատարվում է երկրի ներսում, ուղղակիորեն համեմատելի է արտաքին ճակատի իրադարձությունների հետ։ Հատկապես այն ժամանակաշրջաններում, երբ իշխանությունը տխուր որոշումներ է կայացնում՝ կապված տարածքային ամբողջականության կամ բանակցային գործընթացի հետ, ներսում ռեպրեսիվ ապարատը շատ ավելի ակտիվ գործընթացի մեջ է մտնում»,- պարզաբանել է փորձագետը՝ հիշեցնելով Տավուշում տիրող իրավիճակը և Բաքվին տարածքային զիջումների գնալու իշխանությունների պատրաստակամությունը։
Մարտի 22-ին Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին խուլիգանություն կատարելու հոդվածով մեղադրանք է առաջադրել՝ հաղորդման ընթացքում ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին «հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցրելու» համար։
Մարտի 22-ին ձերբակալվել էր Նարեկ Սամսոնյանը, ավելի ուշ նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանը հայտնել էր եղբոր՝ Վազգեն Սաղաթելյանի ձերբակալության մասին։ Ըստ փաստաբան Ռուբեն Մելիքյանի՝ իրավապահները Սամսոնյանին ձերբակալել էին «շատ կոշտ ձևով»։ ՀՀ ՄԻՊ գրասենյակը Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ուսումնասիրություն է սկսել։