Տավուշի մարզում անհնազանդության նոր փուլ է սկսվելու, գրում է «Ժողովուրդ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Հրապարակման համաձայն՝ բողոքի ակցիաները մտադիր են ղեկավարել ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Սրբազանը և ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 18-ին Տավուշի մարզ կատարած այցը բնակիչների մոտ տարակուսանքի տեղիք է տվել, ուստի հանրային դժգոհության ալիքը կսկսվի այնտեղից, այնուհետև «կտարածվի» հանրապետության այլ մարզեր և Երևան, գրում է թերթը։
«Բոլորս էլ անհանգստություն ունենք, բայց մեր տրամադրությունը նորմալ է։ Թե ինչ կանեն նրանք [տավուշցիները], ցույց կտա ժամանակը»,- Բագրատ եպիսկոպոս Սրբազանի խոսքերն է մեջբերում «Ժողովուրդ»-ը։
Մարտի 12-ին Փաշինյանը չէր բացառել, որ սահմանազատման գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։ Մարտի 18-ին Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպումից հետո վարչապետի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ:
Մարտի 20-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կողմնորոշվել, թե որ քարտեզով են սահմանազատելու սահմանը։ Միևնույն ժամանակ նա հայտնել էր, թե դելիմիտացիայի դեպքում որ գյուղերի որ հատվածներն են անցնելու Ադրբեջանին։