Մարտի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագրեր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին՝ Մերձմոսկվայի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, հայտնում է Մայր Աթոռի լրատվության բաժինը։
Խստորեն դատապարտելով անմարդկային ոճրագործությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի, հոգևոր դասի և հավատավոր հայ ժողովրդի անունից խորին վշտակցություն է հայտնել ՌԴ նախագահին, Ռուս Ուղղափառ Եկեղեցու Հովվապետին և Ռուսաստանի ողջ ժողովրդին։
Վեհափառ Հայրապետը հայցել է, որ Ամենողորմ Աստված երկնային օթևաններում հանգչեցնի զոհված քաղաքացիների հոգիները, Սուրբ Հոգով մխիթարի բոլոր սգավորներին և շուտափույթ ապաքինում պարգևի բոլոր տուժածներին։
Մարտի 22-ի երեկոյան անհայտ անձինք կրակ էին բացել «Crocus City Hall» համերգասրահում։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կամուֆլյաժով մարդիկ ներխուժել էին համալիր և կրակ բացել ինքնաձիգներից։ ՌԴ ԱԴԾ-ն տեղեկացրել էր, որ Crocus City Hall-ում ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել է 11 մարդ։
Ռուսական Տելեգրամ ալիքները հաղորդել էին ահաբեկչության հետ կապ ունեցող տաջիկների ձերբակալության մասին, Տաջիկստանի ԱԳՆ-ն հերքել էր տեղեկատվությունը՝ այն որակելով կեղծ։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 115-ի։