«Դոժդ» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոն ներողություն է խնդրել հեռուստաալիքի եթերում արված Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչության մեջ հայերի ենթադրյալ մասնակցության մասին հայտարարությունների համար:
«Telegram»-ի ալիքում Ձյադկոն «հայկական հետքի» մասին հայտարարությունն անվանել է «անհիմն» և ընդգծել, որ դրանք հնչեցնողը նման բան չի ասել եթեր դուրս գալուց առաջ՝ նախնական հարցազրույցի ժամանակ:
«Երբ մենք լսեցինք նման չհիմնավորված մեղադրանքներ, հաղորդավարն ընդգծեց, որ այդ հայտարարություններն ապացուցված չեն՝ մենք այս անձին հանել ենք եթերից և այս հատվածը կտրել հեռարձակումից։Ես ներողություն եմ խնդրում այն բանի համար, որ նման չհիմնավորված մեղադրանքներ են հնչել «Դոժդ»-ի եթերում»,- ասել է Ձյադկոն։
Մարտի 22-ին հեռուստաալիքի եթերում որպես ահաբեկչության ականատես ներկայացած տղամարդը՝ Էմին անունով «Crocus»-ի աշխատակիցը, կարծիք էր հայտնել, որ «այն, ինչ տեղի է ունենում, կարող է հայկական հետք ունենալ»։ Նա նշել էր, որ ինքն ադրբեջանցի է, ինչպես «բոլոր նրանք, ովքեր աշխատում են «Crocus»-ում [«Crocus City Hall»-ի սեփականատեր, գործարար Արազ-խմբ․] Աղալարովի համար»։ Նրա խոսքով՝ երբ հարձակումն սկսվել է, ինքը «զինյալների բղավոցների մեջ պարզորոշ ճանաչել է հայերենով տարբեր հայհոյանքներ»։ Հեռուստաալիքի հաղորդավարն այնուհետ ընդգծել է, որ իրենք ոչ մի կերպ չեն կարող հաստատել դա, և դեռ ոչ ոք չի հաստատել այս տեղեկությունը։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունն այս հայտարարություններն անվանել էր «վրդովեցուցիչ» և խորը մտահոգություն հայտնել այդ կապակցությամբ։ Դիվանագիտական առաքելությունն ընդգծել էր, որ նման տեղեկատվությունը նպատակ ունի Ռուսաստանում հակահայկական տրամադրություններ հրահրել:
Մարտի 23-ին ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել էր ահաբեկչության 115 զոհի մասին։ Ավելի ուշ ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր 11 մարդու, այդ թվում՝ ահաբեկչությանն անմիջականորեն ներգրավված բոլոր չորս ահաբեկչի ձերբակալության մասին։ Ահաբեկչության կասկածանքով ձերբակալվածներից մեկը խոստովանել էր, որ ժամանել է Թուրքիայից։
Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել էր Մոսկվայի Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանն Armenia Today-ին հայտնել էր, որ ճշտվում են տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թվում հայերի մասին տեղեկությունները։ Ավելի ուշ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ահաբեկչության կապակցությամբ ցավակցություն էր հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ ՌԴ նախագահը մարտի 24-ը Ռուսաստանում համազգային սգո օր էր հայտարարել։