Իրավապահ մարմինները պաշտոնապես հաստատել են 2024 թվականի մարտի 22-ին մերձմոսկովյան Crocus City Hall համերգասրահում ահաբեկչություն իրականացրած գրոհայինների ձերբակալության մասին։
ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր 11 մարդու, այդ թվում՝ ահաբեկչությանն անմիջականորեն ներգրավված բոլոր չորս ահաբեկչի ձերբակալության մասին։
Ահաբեկչության մեջ կասկածվող չորս անձինք բռնվել են, բոլորն էլ Տաջիկստանի քաղաքացիներ են և չունեն Ռուսաստանի քաղաքացիություն:
Մարտի 23-ի երեկոյան ՌԴ ՆԳՆ-ն հերքել է ենթադրյալ ահաբեկիչների՝ Ռուսաստանի քաղաքացիություն ունենալու մասին լուրերը։ Նրանք գրանցված են եղել Յարոսլավլի, Իվանովոյի և Սամարայի մարզերում։
Ռուսական Baza Տելեգրամ ալիքը ներկայացրել է ահաբեկչության անմիջական հեղինակների անուններն ու ազգանունները՝ Նասրիդինով Մախմադրասուլ (37 տ), Իսմոնով Ռիվոժիդին (51 տ), Սաֆոլզոդա Շոխինջոնն (21 տ) և Նազարով Ռուստամ (29 տ):
Նրանք մարտի 23-ի գիշերն անվտանգության ուժերի կողմից հայտնաբերվել են Բրյանսկի մարզի Կարաչևսկի շրջանի Խացուն գյուղի տարածքում՝ սպիտակ Renault Symbol-ով, որը համապատասխանում էր ոստիկանների ունեցած տվյալներին և որով նրանք հեռացել էին մարդկանց սպանելուց և թալանելուց հետո։
Իրավապահների պահանջով մեքենան չի կանգնել և փորձել են փախչել։ Հետապնդման ժամանակ կրակոցներ են արձակվել մեքենայի ուղղությամբ, և այն շրջվել է։
Հարցաքննության ժամանակ ահաբեկչության ենթադրյալ հեղինակները նկարագրել են, թե ինչպես են իրենց հավաքագրել։
Ահաբեկիչներից մեկի հետ խոսել են թարգմանչի միջոցով, քանի որ նա ռուսերեն լեզվին չի տիրապետել։ Տեսանյութը հրապարակել է Telegram 112 ալիքը: Նրա պատմածների համաձայն՝ ինքն ապրել է Դմիտրովկայի հանրակացարանում իր հայրենակից Մուխամադի հետ։ Աշխատանք չկար, բայց հետո ոմն Աբդուլլոն կապվել է նրանց հետ մեսենջերի միջոցով։
«Մենք որոշեցինք բիզնեսով զբաղվել, Աբդուլլոյի հարազատներից գնեցինք հին Renault (նույնը) և ուզում էինք որպես տաքսիստ աշխատել։ Չստացվեց»,- հարցաքննության ժամանակ ասել է նա և հավելել, որ համաձայնել է գումարի դիմաց մասնակցել մարդկանց սպանությանը:
Ահաբեկչության մեկ այլ կասկածյալ ասել է, որ Ռուսաստան է եկել Թուրքիայից։
«Իսլամական պետություն»-ը հրապարակել էր Crocus City Hall-ի վրա հարձակվածների լուսանկարները: