«Մարտական եղբայրությունը» հայտնել է կազմակերպության անդամներ Ավետիս Ավետիսյանի ձերբակալության և Հրանտ Տեր-Աբրահամյանին բերման ենթարկելու կասկածների մասին։
Կազմակերպությունը տեղեկացրել է, որ Աբրահամյանի հետ կապ չեն կարողանում հաստատել, իսկ Ավետիսյանին ոստիկանները ձերբակալել են մարտի 24-ի առավոտյան։
«Կորել է կապը Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ: Ամենայն հավանականությամբ՝ նրան բերման են ենթարկել»,- հայտարարել են կազմակերպությունում։
«Մարտական եղբայրությունն» իրենց անդամների նկատմամբ իրականացված գործողություները «քաղաքական հետապնդում և ճնշում» է որակել։
Մարտի 22-ին Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին խուլիգանություն կատարելու հոդվածով մեղադրանք է առաջադրվել՝ հաղորդման ընթացքում ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին «հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցրելու» համար։ Մարտի 22-ին ձերբակալվել էր Նարեկ Սամսոնյանը, ավելի ուշ նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանը հայտնել էր եղբոր՝ Վազգեն Սաղաթելյանի ձերբակալության մասին։ Մարտի 23-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Սամսոնյանին և Սաղաթելյանին։