Հայաստանի ՆԳՆ ոստիկանությունը բերման է ենթարկել «Մարտական եղբայրություն» կազմակերպության ավելի քան 30 անդամի, հայտնում է կազմակերպությունը։
«Մարտական եղբայրությունը» մարտի 24-ի առավոտյան հայտնել էր իր անդամ Ավետիս Ավետիսյանի ձերբակալության, Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ կապը կորցնելու մասին։
Կազմակերպությունում հայտնել են, որ խմբով ծրագրում էին այցելել Տավուշի մարզի Վերին Ոսկեպար գյուղ, որն Ադրբեջանը պահանջում է հանձնել։ Ձերբակալություններից հետո կազմակերպության մի խումբ անդամներ հասել են գյուղ, սակայն տեղում բերման են ենթարկվել նաև կազմակերպության անդամներ Հովսեփ Ղազարյանը, Արման Պետրոսյանը, Տարոն Սիմոնյանը և Գարիկ Սարգսյանը։
«Մարտական եղբայրության» հրապարակած տեսանյութում գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ նրանք մոտ մեկ տարի տեղի և Բաղանիսի բնակիչների համար Ոսկեպարում հրաձգարան են կառուցում, որ բնակիչներին նախապատրաստեն հնարավոր զիջումները կանխելուն։ Կազմակերպության ներկայացուցիչն ընդգծել է, որ «Մարտական եղբայրությունը» համաձայն չէ Վերին Ոսկեպարն Ադրբեջանին զիջելու Հայաստանի իշխանությունների մտադրության հետ:
ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Armenia Today-ին հայտնեցին, որ այսօր ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ոստիկանները բերման են ենթարկել 23 անձի: Վարչությունը չի մեկնաբանել հաղորդագրություններն այն մասին, որ բերման ենթարկվածները «Մարտական եղբայրության» անդամներն են:
Մարտի 12-ին Փաշինյանը չէր բացառել, որ սահմանազատման գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։ Մարտի 18-ին Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպումից հետո վարչապետի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ: Մարտի 20-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կողմնորոշվել, թե որ քարտեզով են սահմանազատելու սահմանը։ Միևնույն ժամանակ նա հայտնել էր, թե դելիմիտացիայի դեպքում որ գյուղերի որ հատվածներն են անցնելու Ադրբեջանին։