Մոսկվայի մերձակայքում Crocus City Hall-ի վրա հարձակված ահաբեկիչները երկամսյա պատրաստություն են անցել Թուրքիայի ճամբարներից մեկում՝ Ստամբուլում, գրում է WarGonzo-ն։ Ինչպես հայտնում է «Известия»-ն՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը, Crocus City Hall-ի վրա հարձակմանը մասնակցած երկու ահաբեկիչները, հավանաբար, հրահանգներ են ստացել, երբ Թուրքիա են մեկնել։
Ահաբեկչությանը մասնակցելու համար ընտրվել են մարդիկ, ովքեր նախկինում հայտնի չեն եղել որպես արմատական իսլամի դավանողներ, որպեսզի ռուսական հատուկ ծառայությունների համար ավելի դժվար լինի կանխել հարձակումը նախապատրաստման փուլում, հայտարարել է «Известия»-ի մեկ այլ զրուցակից՝ հակաահաբեկչական անվտանգության ոլորտի փորձագետ։
Ըստ ռազմական փորձագետ Բորիս Ռոժինի տեղեկատվության՝ մարտի 25-ի առավոտյան Մոսկվայի և Անկարայի համատեղ գործողության արդյունքում քաղաքի մերձակայքում երկու ճամբար է ոչնչացվել։
Մարտի 22-ի երեկոյան անհայտ անձինք կրակել էին Մոսկվայի մարզի Crocus City Hall համերգասրահում՝ «Պիկնիկ» ռոք խմբի համերգից առաջ։ Մարտի 23-ին իրավապահները ձերբակալել էին ահաբեկչության մեջ կասկածվողներին, ձերբակալվածներից մեկը խոստովանել էր, որ մարտի 4-ին ժամանել է Թուրքիայից։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է 137, վիրավորվել՝ 182 մարդ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ահաբեկչության կապակցությամբ ցավակցություն էր հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Մարտի 24-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր ահաբեկչության հետևանքով Հայաստանի քաղաքացու մահվան մասին։ Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանն ահաբեկչության մեջ մեղադրվող 4 անձի կալանավորելու որոշում էր կայացրել։