«Տաշիր» ընկերությունների խումբը Մերձմոսկովյան Կրասնոգորսկում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո իր առևտրի կենտրոններում անցել է անվտանգության ուժեղացված ռեժիմի, հայտնում է «Ռիա Նեդվիժիմոստ»-ը՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։ «Տաշիր ընկերությունների խմբի մաս կազմող առևտրի օբյեկտները կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով։
Ներկայումս բոլոր օբյեկտները բերվել են անվտանգության ուժեղացված ռեժիմի՝ անվտանգության լրացուցիչ աշխատակիցների ներգրավմամբ և Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ թույլատրված բոլոր հատուկ միջոցների կիրառմամբ: Կենտրոններ մտնող մեքենաներն ստուգվում են։ Ի թիվս այլ միջոցների՝ առևտրի կենտրոններում համակարգված պարեկություն և պահակություն են իրականացնում ՌԴ իրավապահ մարմինների աշխատակիցները»,- գործակալությունը մեջբերում է մամուլի ծառայության հաղորդագրությունը։
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված մարտի 23-ին խմբավորման բոլոր օբյեկտներում իրականացվել են հակահրդեհային պաշտպանության լրացուցիչ ստուգումներ։ Նա ասել է, որ խմբի օբյեկտները շարունակաբար անցնում են հակահրդեհային պաշտպանության համակարգի պարտադիր փորձարկում, այնտեղ անվտանգության և մյուս անձնակազմը հրդեհի դեպքում գործողությունների համար ուսուցում է անցնում՝ հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների ներգրավմամբ և շենքերից մարդկանց տարհանումով։
«Կենտրոններում ամեն տարի կատարվում է շենքերի ֆիզիկական մաշվածության գնահատում, ինչպես նաև շենքային կառույցների ստուգումներ։ Օբյեկտների բոլոր ցուցիչները նորմալ են»,- հավելել է գործակալության զրուցակիցը։
Մարտի 22-ի երեկոյան անհայտ անձինք կրակ էին բացել Մոսկվայի մարզի Crocus City Hall համերգասրահում՝ «Պիկնիկ» ռոք խմբի համերգից առաջ։ Մարտի 23-ին իրավապահները ձերբակալել էին ահաբեկչության մեջ կասկածվողներին, ձերբակալվածներից մեկը խոստովանել էր, որ մարտի 4-ին ժամանել է Թուրքիայից։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է 137, վիրավորվել՝ 182 մարդ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ահաբեկչության կապակցությամբ ցավակցություն էր հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Մարտի 24-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր ահաբեկչության հետևանքով Հայաստանի քաղաքացու մահվան մասին։ Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանն ահաբեկչության մեջ մեղադրվող 4 անձի կալանավորելու որոշում էր կայացրել։