ՄԱԿ-ում Կանադայի ներկայացուցիչ Բոբ Ռեյը Լեռնային Ղարաբաղում Բաքվի կողմից իրականացրած սեպտեմբերյան ագրեսիան և այնտեղից հայերի բռնի գաղթն անվանել է «էթնիկ զտում», X-ում հաղորդել է Քվեբեկից կանադացի սենատոր Լեո Հուսակոն։
«Չեմ կարծում, որ դա անարդար հայտարարություն է, և ես կաջակցեմ դրան: Կառավարության ցանկացած անդամի պետք է հարցնել՝ համաձա՞յն է այդ գնահատականի հետ։ Բայց, այո՛, դա իմ գնահատականն է»,- ասել է Ռեյը՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ:
Այսպես է նա պատասխանել Հուսակոյի այն հարցին, թե արդյոք Ռեյը դիրքորոշո՞ւմ է հայտնել որպես ՄԱԿ-ում Կանադայի ներկայացուցիչ, երբ էթնիկ զտում է անվանել Ադրբեջանի կողմից 100 հազար հայերի վտարումն իրենց նախնիների ծննդավայրից։
«Ուրեմն ինչո՞ւ Մելանի Ժոլին (Կանադայի արտաքին գործերի նախարար-խմբ.) վերսկսեց զենքի արտահանումն Ադրբեջան և Թուրքիա, որոնք պատասխանատու են դրա համար»,- հարցրել է կանադացի սենատորը։
2021 թվականի ապրիլին Կանադայի իշխանությունները չեղյալ էին համարել կանադական զենքի և տեխնոլոգիաների Թուրքիա արտահանման համար նախկինում տրված թույլտվությունները, քանի որ նրանք ստացել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում դրանց կիրառման ապացույցներ։
Հունվարին Կանադայի Հայ Դատի կոմիտեն զեկուցել էր Կանադայի կողմից Թուրքիային ռազմական արտադրանքի վաճառքի էմբարգոյի հնարավոր վերացման մասին՝ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի շրջանակներում:
Reuters-ը հունվարի 29-ին հայտնել էր, որ Կանադան վերսկսել է անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների արտահանումը Թուրքիա։