Լեմկինի ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտը միջազգային հանրությանը կոչ է արել համոզել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, առևանգված քաղաքացիական անձանց և ապօրինի ձերբակալված ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին՝ հայ-ադրբեջանական սահմանին նոր էսկալացիայի սպառնալիքի ֆոնին։
«Հաշվի առնելով Հարավային Կովկասում լայնածավալ պատերազմի վտանգը, տարածաշրջանում ակտիվ միջազգային ներկայության անհրաժեշտությունը երբեք այսքան հրատապ չի եղել»,- ասվում է փաստաթղթում։
Ինստիտուտը նաև կոչ է արել աշխարհին զերծ մնալ ցանկացած քայլից, որը կարող է ավելի վատթարացնել Արցախում ցեղասպանության հետևանքով տուժածների տառապանքը կամ խրախուսել Բաքվին կրկին հարձակվել Հայաստանի վրա։
Գերեվարված հայերի անհապաղ ազատ արձակման կարևորությունն ինստիտուտը բացատրել է ադրբեջանական բանտերում նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի վտանգով։ «Նրանք խոշտանգումների են ենթարկվել, նվաստացվել, սպանվել, անհետացել կամ ենթարկվել ցուցադրական դատավարությունների։ Սա լավ փաստագրված է»,- նշել է ինստիտուտը՝ հիշելով 2020 թվականից հետո գերեվարված հայերի ճակատագիրը։
Լեմկինի ինստիտուտը Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների կալանքի ժամկետի երկարաձգումը կապել է նրանց բանտարկության պատիժը ներպետական օրենսդրությամբ նախատեսված ժամկետից ապօրինի երկարաձգելու ծրագրերի հետ։
«Չնայած Լեմկինի ինստիտուտը չկարողացավ ստուգել, թե արդյոք ադրբեջանական իշխանությունները կիրառո՞ւմ են այս իրավական մեխանիզմը մարդու իրավունքների միջազգային իրավունքով նախատեսված իրենց պարտավորություններին հակառակ, այն հիշեցնում է, որ այդ անձինք հետապնդվում են հայտնի կոռումպացված ադրբեջանական դատական համակարգի շրջանակներում»,- եզրակացրել է ինստիտուտը:
Հայաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը հունվարի 5-ին հայտնել էր, որ Ադրբեջանը հաստատել է 23 հայ գերիների պահումը, որոնցից 17-ը Բաքուն գերեվարել է Լեռնային Ղարաբաղի վրա 2023-ի հարձակումից հետո։ Խոսքը նաև ԼՂ-ի նախկին ղեկավարների մասին է։ Քյարամյանը հավելել էր, որ տեղեկություններ կան Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո ևս 32 հայի անհետացման մասին, սակայն Ադրբեջանը հերքում է իր առնչությունը։
2023 թվականի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանությունները կալանավորել և ձերբակալել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։
Հունվարին Բաքվի դատարանը Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների կալանքը երկարաձգել էր չորս ամսով։ ՄՔԴ նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Արցախի ղեկավարների ձերբակալությունն անվանել էր «ցեղասպանության գագաթնակետ»։