Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) որոշումները չենք արգելափակում, բայց դրանց չենք մասնակցում, հունական Kathimerini օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ՀԱՊԿ միջոցառումներին բարձր ու բարձրագույն մակարդակով չենք մասնակցում։ ՀԱՊԿ-ը, մեր գնահատմամբ, չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մասնավորապես՝ 2021 և 2022 թվականներին»,- հունական թերթին ասել է Փաշինյանը։
Այս համատեքստում նա ընդգծել է, որ Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումը միտված է պաշտպանելու երկրի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անքակտելիությունը։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը բոլոր գործընկերների հետ փոխշահավետ հարաբերություններ հաստատելու համար բաց է և տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման վերաբերյալ ունի հստակ դիրքորոշում:
«Այս նպատակով մենք բազմազանեցնում ենք մեր անվտանգային հարաբերությունները»,- հավելել է նա:
Ըստ Փաշինյանի՝ Երևանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է էական ներդրում ունենալ տարածաշրջանային խաղաղության համար, սակայն կարևոր պայման է, որ բոլոր ենթակառուցվածքները լինեն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են:
Հայաստանի վարչապետը հույս է հայտնել, որ Թուրքիան հավասարակշռված դիրքորոշում կունենա «տարածաշրջանի տարբեր զարգացումների վերաբերյալ»:
«Պակաս ուշադրություն չի դարձվում Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությանը, որը կարող է և՛ խթանել, և՛ վտանգել մի շարք գործընթացներ։ Հայաստանը, մյուս կողմից, ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը»,- նշել է նա։
Փետրվարի 22-ին Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Իր հերթին՝ ՀԱՊԿ-ը հայտարարել էր, որ կազմակերպությունը Հայաստանից պաշտոնական հաղորդագրություն չի ստացել իր մասնակցությունը կասեցնելու մասին։ ՌԴ ԱԳՆ-ն փետրվարի 23-ին ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի խոսքերից հետո Երևանից պարզաբանում էր ակնկալել, իսկ մարտի 6-ին հայտարարել, որ ՌԴ-ն հայկական կողմին Երևանի համար խնդրահարույց հարցերի շուրջ խորհրդակցությունների է հրավիրել։ Փաշինյանը մարտի 12-ին ասել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե իր բարձրացրած հարցերի պատասխանները չստանա։