Մարտի 22-ին Մոսկվայի մերձակայքում գտնվող Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվը հասել է 360-ի, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ Աղետների բժշկության կենտրոնին։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ 60 մարդ շարունակում է բուժում ստանալ քաղաքի հիվանդանոցներում։
«Ընդհանուր առմամբ՝ Մոսկվայի հիվանդանոցներ է ընդունվել 94 մարդ։ 34-ն արդեն դուրս է գրվել։ Այս պահի դրությամբ՝ բուժման մեջ է գտնվում 60 մարդ։ Գրեթե երեք անգամ նվազել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը»,- հավելել է քաղաքի ղեկավարը։
Մարտի 22-ի երեկոյան Մերձմոսկովյան շրջանում գտնվող Crocus City Hall համերգասրահում ահաբեկչություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով 139 մարդ է զոհվել։ Ռուսական ԶԼՄ-ները մարտի 26-ին հայտնել էին, որ Մոսկվայի Բասմանի դատարանը կալանավորել է ահաբեկչության գործով 8-րդ մեղադրյալին։ Դատարանը մարտի 25-ին կալանավորել էր ևս 3 մեղադրյալի։ Ավելի վաղ դատարանը կալանավորել էր ահաբեկչության գործով 4 մեղադրյալի։ Մարտի 23-ին իրավապահները ձերբակալել էին ահաբեկչության մեջ կասկածվող 11 անձի, ձերբակալվածներից մեկը խոստովանել էր, որ մարտի 4-ին ժամանել էր Թուրքիայից։
Մարտի 24-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ ահաբեկչության հետևանքով Հայաստանի քաղաքացի է զոհվել, նա չէր նշել մահացածի անունը։ ՌԴ ԱԻՆ ցուցակում ահաբեկչության զոհերի թվում էր Լիլիթ Խալիտի Իսրայելյանը։