Հայկական ծագմամբ խորը ուսուցման մասնագետ Կարեն Սիմոնյանը կդառնա Microsoft AI-ի արհեստական ինտելեկտի ծառայության բաժնի գլխավոր գիտական աշխատող, տեղեկացնում է Open Systems հրատարակությունը։
Սիմոնյանը Microsoft կտեղափոխվի Inflection AI-ից՝ ընկերության հիմնադիր Մուստաֆա Սուլեյմանի հետ միասին, ով կծառայի որպես Microsoft AI նոր ստորաբաժանման գործադիր փոխնախագահ և գլխավոր մենեջեր:
«Microsoft-ի AI ստորաբաժանումը կմշակի Copilot չաթբոտը, որն ինտեգրված է Microsoft-ի տարբեր արտադրանքներում՝ ներառյալ Bing-ը և Windows-ը, ինչպես նաև արհեստական ինտելեկտի տարբեր գործիքներ՝ ուղղված սպառողներին»,- նշված է հրատարակության մեջ։
2023 թվականի հոկտեմբերին Սիմոնյանն ընդգրկվել էր արհեստական ինտելեկտի ոլորտում ամենամեծ ազդեցություն ունեցող մարդկանց 100-յակի համաշխարհային վարկանիշային ցանկում՝ ըստ Business Insider-ի։ Սիմոնյանը հայտնի է իր ստեղծած նեյրոնային ցանցի ճարտարապետությամբ՝ VGG պատկերներից առանձնահատկություններ հայտնաբերելու և AlphaZero և AlphaFold ծրագրերը մշակելու համար։