Crocus Group-ի սեփականատեր և նախագահ Արաս Աղալարովը և նրա որդին՝ երգիչ Էմինը, ովքեր ծագումով ադրբեջանցի են, Մերձմոսկովյան Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածներին օգնելու համար 100 մլն ռուբլի են փոխանցել, հայտնում է «Ռիա Նովոստին»։
«Crocus Group-ը և Մուսլիմ Մագոմաևի հիմնադրամն օգնություն կցուցաբերեն ահաբեկչությունից տուժածներին։ 100 մլն ռուբլի ընդհանուր գումարով առաջին նվիրատվությունները կատարել են Crocus Group-ի նախագահ Արաս Աղալարովը և նրա որդի Էմինը»,- ասված է հայտարարության մեջ։
Մարտի 22-ի երեկոյան Մերձմոսկովյան շրջանում գտնվող Crocus City Hall համերգասրահում ահաբեկչություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 140 մարդ։ Մոսկվայի Բասմանի դատարանը կալանավորել էր ահաբեկչության գործով 8 մեղադրյալի։ Ավելի վաղ ձերբակալվածներից մեկը խոստովանել էր, որ մարտի 4-ին ժամանել էր Թուրքիայից։ Մարտի 24-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ ահաբեկչության հետևանքով Հայաստանի քաղաքացի է զոհվել, նա չէր նշել մահացածի անունը։ ՌԴ ԱԻՆ ցուցակում ահաբեկչության զոհերի թվում էր Լիլիթ Խալիտի Իսրայելյանը։