Հայաստանի կառավարությունը հաստատել է Արցախից բռնի տեղահանվածների մասնագիտական ուսուցման կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության ծրագիրը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ ծրագիրը ներառում է երեք բաղադրիչ՝ մասնագիտական ուսուցում, վճարովի պրակտիկա և զբաղվածություն։
Նրա խոսքով՝ տեղահանվածների մասնագիտական ուսուցման տևողությունը կկազմի մինչև վեց ամիս (ուսումնական հաստատության ընտրությունը գործատուինն է լինելու)։
«Արցախից բռի տեղահանված մեր հայրենակիցներին ամեն ամիս տրամադրելու ենք 50 հազար դրամ կրթաթոշակ և 50 հազար դրամ՝ ուսման վարձը վճարելու համար։ Այնուհետև, երբ շահառուն կներեկայացնի տեղեկանք, որ անցել է այդ կրթական շրջանը, առնվազն երեք ամիս ժամկետով կկնքվի աշխատանքային պայմանագիր և գործատուին կփոխհատուցվի 50 հազար դրամ՝ հարկերի և մեկ աշխատողի սոցվճարների համար»,- պարզաբանել է նախարարը։
Մկրտչյանը նշել է, որ վճարովի պրակտիկայի դեպքում գործատուի և արցախցու միջև կկնքվի վեցամսյա պայմանագիր, որից առաջին երեքը վճարովի աշխատանքային պրակտիկան է, իսկ հաջորդ երեքը՝ աշխատանքային։
«Առաջին երեք ամսվա համար գործատուին տրամադրելու է 165 հազար դրամ, որից արցախցի աշխատողը կստանա 120 հազար դրամ։ Մնացած երեք ամսվա համար պետությունը կփոխանցի 50 հազար դրամ՝ աշխատողի հարկերի և վճարումների համար։ Երրորդ տարբերակը ներառում է մասնագիտական ուսուցում, պրակտիկա և պարտադիր զբաղվածություն»,- պարզաբանել է նախարարը։
Ըստ Մկրտչյանի՝ եթե գործատուն վաղաժամկետ լուծի պայմանագիրը, ապա նա ստիպված կլինի պետությանը վերադարձնել կատարված ծախսերը։
Սեպտեմբերի 19-20-ն Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը գերազանցել է 100 հազարը։ Հոկտեմբերի 26-ին Հայաստանի կառավարությունը նրանց շնորհել էր ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ՝ համարժեք փախստականի կարգավիճակին։
Նոյեմբերի 9-ին ՀՀ կառավարությունը հաստատել էր նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին բռնի տեղահանվածների նպաստների վճարումը՝ նրանց առաջնային սոցիալական ծախսերը հոգալու համար՝ 50 հազար դրամ մեկ անձի համար։