2022 թվականի օգոստոսին հղի կնոջ՝ 20-ամյա Մերի Գրիգորյանի մահվան գործով «Վանաձոր» բժկական կենտրոնի 3 բժշկի մեղադրանք է առաջադրվել, հայտնում են Քննչական կոմիտեից։
Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարի ժամկետով)։
ՔԿ-ն պարզել է, որ օգոստոսի 22-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, կինը վատ ինքնազգացողությամբ պայմանավորված դիմել է բժշկական կենտրոն և հետազոտվել:
Բժիշկները, ՔԿ տվյալներով, տվել են թերի կլինիկական ախտորոշում, չեն արձանագրվել հղիի թոքերի հետազոտություն իրականացված լինելու վերաբերյալ տվյալները, չի ախտորոշվել հիմնական ախտաբանությունը և չեն իրականացվել տվյալ ախտաբանությանը համապատասխան ծավալով անհրաժեշտ բուժմիջոցառումներ:
«Այնուհետև, հիվանդի վիճակի դինամիկայում վատացման պայմաններում նշանակվել է թերապևտի կոնսուլտացիա, որը ևս իրականացվել է ոչ պատշաճ, անգամ արձանագրելով «վեզիկուլյար շնչառություն»՝ չի ախտորոշվել հղիի մոտ նշված հիմնական ախտաբանությունը, չեն իրականացվել դրան համապատասխան ծավալով անհրաժեշտ բուժմիջոցառումներ»,- ընդգծել են ՔԿ-ից։
Կոմիտեից հավելել են, որ լաբորատոր և գործիքային հետազոտությունների պատշաճ իրականացման դեպքում հնարավոր կլիներ փրկել հիվանդի և պտղի կյանքը։