Ծանրամարտի աշխարհի 2027թ․ առաջնությունը տեղի կունենա Երևանում, հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Նրա տեղեկություններով՝ նման որոշում է կայացրել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան։
Հարությունյանը գրել է, որ 2023-ի ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն էր հայտնել տեղի ունեցածի առիթով։
«Սա էր պատճառ էր, որ մենք չստացանք 2024-ի աշխարհի առաջնությունը, ինչը մեծ հարված էր մեր սպորտին: Բայց ամիսներ տևած մեր հետևողական աշխատանքի արդյունքում այդ խնդիրն էլ կարող ենք համարենք լուծված: Քիչ առաջ ներկայացրի մեր հայտը, որը համարվեց լավագույնը և, անխոս, առաջատարը»,- գրել է Հարությունյանը:
Նա հավելել է, որ սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում:
Արամ Նիկոլյանն ապրիլի 14-ին Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ այրել էր Ադրբեջանի դրոշը՝ խլելով այն դրոշակակրի ձեռքից։ Դրանից հետո Նիկոլյանը բերման էր ենթարկվել Երևանի Մալաթիայի ոստիկանության բաժին։ Ավելի ուշ նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարել էր դիզայների ազատ արձակման մասին։