Մահացել է Crocus-ի ահաբեկչության ժամանակ մարդկանց փրկելու շտապած հայազգի 35-ամյա Կարեն Ենգիբարյանը, հայտնում են Ռուսաստանի հայերի միությունից։
Ենգիբարյանը մարդկանց դուրս է հանել ծխից, տարել է բժիշկների մոտ և նորից գնացել դեպքի վայր։
«Կարենը ողբերգության պահին գտնվել է Crocus-ից ոչ հեռու։ Համերգասրահի տանիքին ծուխ է տեսել և վազել դեպի կենտրոնական մուտք։ Հերոսաբար վտանգելով իր կյանքը՝ նա օգնել էր մարդկանց, դուրս հանել ծխից, տարել բժիշկների մոտ և նորից գնացել դեպքի վայր։ Արդյունքում՝ Կարենին «շնչուղիների սուր վարակ» ախտորոշմամբ հոսպիտալացրել են, բայց վիճակը հաջորդ օրերի ընթացքում վատթարացել է, նրա կյանքը չի հաջողվել փրկել»,- հայտնել են Միությունում։
Մարտի 30-ին՝ ժամը 11:00-ին, Սուրբ Խաչ հայկական եկեղեցում (Մոսկվա, Օլիմպիյսկի պողոտա, 9) տեղի կունենա հրաժեշտի արարողությունը։
Մարտի 22-ի երեկոյան Մերձմոսկովյան շրջանում գտնվող Crocus City Hall համերգասրահում ահաբեկչություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով, այս պահի դրությամբ, զոհերի թիվը հասել է 144-ի։ Մոսկվայի Բասմանի դատարանը կալանավորել էր ահաբեկչության գործով 8 մեղադրյալի։ Ավելի վաղ ձերբակալվածներից մեկը խոստովանել էր, որ մարտի 4-ին ժամանել էր Թուրքիայից։ Մարտի 24-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ ահաբեկչության հետևանքով Հայաստանի քաղաքացի է զոհվել, նա չէր նշել մահացածի անունը։ ՌԴ ԱԻՆ ցուցակում ահաբեկչության զոհերի թվում էր Լիլիթ Խալիտի Իսրայելյանը։