Դատախազությունը քրեական վարութ է նախաձեռնել այն բանից հետո, երբ ոստիկանները բիրտ ուժով ձերբակալել են «Իմնեմնիմի» փոդքասթի համահիմանդիր, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանին, հայտնել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ արժանապատվության նսեմացման կադրերով և բռնությամբ ուղեկցված ձերբակալության գործընթացին:
«Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետն իմ դիմումը հասցեագրել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելու լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների վարչության պետ Յու. Իվանյանին: Դատախազությունը քննչական կոմիտեի քննարկմանն է ուղարկել իմ գրությունը՝ «քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար»»,- Facebook-ի իր էջում գրել է Թովմասյանը:
Նրա խոսքով՝ «փոդքաստի ընթացքում հնչեցրած ամենաանթույլատրելի բառն անգամ չի կարելի խուլիգանության հետ շփոթել և կալանավորել հաղորդավարներին՝ իբրև խուլիգանների, հատկապես այդքան բիրտ ուժի կիրառմամբ»:
Մարտի 23-ին դատարանը Սամսոնյանին երկու ամսով կալանավորել էր: Նա ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում (Խուլիգանություն մի խումբ անձանց կողմից` տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև հինգ տարի ժամկետով)։ Ըստ փաստաբան Ռուբեն Մելիքյանի՝ իրավապահները Սամսոնյանին ձերբակալել էին «շատ կոշտ ձևով»։
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնել էին, որ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ սկսվել է ուսումնասիրություն: Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման այց էր իրականացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին:
Մարտի 15-ին Սամսոնյանն արդարացվել էր, նա մեղադրվում էր «բռնության կոչ» հնչեցնելու համար։