Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը նեղացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից և 2026 թվականին կայանալիք համապետական ընտրություններին մտադիր է հանդես գալ ընդդիմադիր դաշտում, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Բաբայանը համարում է, որ իրեն ըստ արժանվույն չեն գնահատում: Նա սերտ շփումների մեջ է ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ, և չի բացառվում, որ նրա հիմնադրած «Հանուն հանրապետության» կուսակցության հետ դաշինքով մասնակցի ընտրություններին»,- գրում է թերթը։
«Հրապարակը» հիշեցնում է, որ Արցախի հայաթափումից հետո նախատեսվում էր վտարանդի արցախցիների խնդիրներով զբաղվող կառույց ստեղծել, որը պետք է ղեկավարեր ՊԲ նախկին հրամանատարը, սակայն ինչ-որ պահի հրաժարվել են այդ մտադրությունից։
«Չի բացառվում, որ Փաշինյանի համաձայնությամբ են այս միավորներն ստեղծվում, որ ընդդիմադիր դաշտը լցնեն: Արևմտամետ շրջանակները սերտ համագործակցում են իշխանությունների հետ, այդ դաշտում ձևավորվող ցանկացած միավոր համաձայնեցվելու է Փաշինյանի հետ»,- գրում է «Հրապարակը»:
2023թ․ դեկտեմբերին լրատվամիջոցները հայտնել էին, որ արևմուտքից արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ են «իջեցրել», և կուսակցական նեղ հավաքներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թեպետ հպանցիկ, բայց անդրադարձել էր արտահերթի թեմային՝ չբացառելով 2024թ․ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։
2023 թ․ հոկտեմբերին Սամվել Բաբայանը հայտնել էր, թե ինչպես կարող է չեղարկվել Արցախի լուծարման մասին հրամանագիրը։ 2023-ի նոյեմբերին Բաբայանը հրավիրվել էր 44-օրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողով: Հանձնաժողովի ձևավորվելուց հետո նա՝ որպես արտախորհրդարանական ուժի ղեկավար, մասնակցում էր դրա աշխատանքներին, հետո հայտարարել էր, թե հրաժարվում է, քանի որ «խաղի կանոնները չեն պահպանվում»։