Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Սուրբ Հարության տոնի առթիվ իր պատգամն է հղել համայն հայությանը՝ կոչ անելով չգործել պարտվողական հոգեբանությամբ և չվերածվել վհատված ու տկար ազգի՝ վտանգելով հայրենիքի ապագան և անկախ պետականությունը, տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
«Հարուցյալ կյանքը, հիրավի, սկսվում է քրիստոսավանդ պատգամներով ապրելու վճռականությամբ, արհավիրքներից ու տառապանքներից դեպի կենսանորոգ ձեռքբերումներ առաջին քայլից։ Այս գիտակցությունը, այս ոգին պիտի աննկուն պահենք մեզանում, չընկրկենք մեզ պատուհասած փորձությունների դիմաց, չգործենք պարտվողական հոգեբանությամբ և չվերածվենք վհատված ու տկար ազգի՝ վտանգելով մեր հայրենիքի ապագան և անկախ պետականությունը։ Մեր ընթացքը չի վերջանում մեր մարտիրոսների ու քաջորդիների նահատակության վայրերում և ոչ էլ Արցախում թողնված շիրիմների մոտ։ Չարի կողմից մեզ համար փորված գերեզմանը բոլոր ժամանակներում թափուր է մնալու, քանզի մենք Քրիստոսի հետ նեղությունները հաղթահարող և ամեն գողգոթայից հարության հավատքով հառնող ժողովուրդ ենք»,- ասել է կաթողիկոսն իր պատգամում։
Նա խոսել է հետպատերազմյան ծանր շրջանի ու այսօրվա մարտահրավերների մասին։
«Տիրոջ Սուրբ և Հրաշափառ Հարությունը գոտեպնդող խրախույս է ամենքիս հույսով ու արիությամբ դիմագրավելու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները՝ հատկապես հետպատերազմյան այս ծանր շրջանում, երբ բռնազավթված ու հայաթափված է Արցախը, և չեն դադարում Ադրբեջանի ծավալապաշտական ու սադրիչ գործողությունները նորանոր պահանջներով, որոնք անմիջական սպառնալիքներ են ստեղծում մեր պետության անվտանգությանը։ Հանցագործ դրսևորումներով շարունակվում են Արցախի պատանդառված քաղաքական ղեկավարության և անօրինաբար գերության մեջ պահվող մեր զավակների նվաստացումները, ինչպես և արցախահայության իրավունքների անտեսման, Արցախում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության յուրացման ու ոչնչացման անթաքույց քաղաքականությունը»,- ընդգծել է կաթողիկոսը։
Դատապարտելի այս իրողությունների պայմաններում նա հայ ժողովրդին կոչ է արել հաղթահարել ներազգային տարաձայնություններն ու անմիաբանությունը, լծվել ծանր կորուստներ կրած մեր ազգի վերքերի ամոքմանը և կարողությունների մեկտեղմամբ՝ հայրենիքի հզորացմանը։
«Արդարև, մեր ապագայի վերաբերյալ վճիռը խավարինն ու մահվանը չէ, այլ կյանքինն ու հարությանը։ Աստծո հետ հզոր հավատքով, անընկճելի կամքով ու ոգով վերհառնել կարող է ոչ միայն անհատը, այլև ազգն ու պետությունը։ Մեր ժողովրդի համար ներկա բարդ պայմաններում կենսական և հրամայական է մեր երկրի հզորացումը, կենսական է ապրել ու գործել անսակարկ հայրենասիրությամբ ու ազգանվիրումով։ Այս հաստատակամ ընթացքով կարող պիտի լինենք կերտելու նոր հորիզոնները մեր պատմության և վերազարթոնքը պետական, ազգային-եկեղեցական մեր արժանապատիվ կյանքի»,- հավելել է Գարեգին Բ-ն։
Հայ Առաքելական եկեղեցին մարտի 31-ին նշում է Սուրբ Հարության տոնը։ Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի», մատուցվում է Սուրբ Հարության Հայրապետական պատարագ։
Մանրամասները՝ տեսանյութում։