Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետական սահմանների շրջանակներում, հայտարարել են ՀԱՊԿ-ում։
Կազմակերպությունը «ՌԲԿ»-ին մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը կլքի ՀԱՊԿ-ը, եթե չստանա հանրապետությունում ՀԱՊԿ-ի պատասխանատվության ոլորտի վերաբերյալ իր բարձրացրած հարցերի պատասխանները։
«Պատասխանատվության ոլորտի մասին ձևակերպումը բավականին բարդ է, և այն ավելի շատ նպատակ ունի ուշադրություն հրավիրել հանրապետությունում տիրող իրավիճակի վրա, քան ստանալ առարկայական պատասխան: Համաձայն 2010 թվականի փոխգործակցության սկզբունքների համաձայնագրի, որն ստորագրվել է ՀԱՊԿ-ի կողմից, պատասխանատվության տարածքն անդամ երկրների ինքնիշխան տարածքն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կազմակերպությունը նշել է, որ «ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածքն ավարտվում է պետական սահմանին, որը երկկողմանի հիմունքներով կարգավորվում է Հայաստանի և նրա հարևանների միջև»։
Մարտի 26-ին հունական Kathimerini օրաթերթին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀՀ-ն ՀԱՊԿ միջոցառումներին բարձր ու բարձրագույն մակարդակով չի մասնակցում։ Փետրվարի 22-ին Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։
Իր հերթին՝ ՀԱՊԿ-ը հայտարարել էր, որ կազմակերպությունը Հայաստանից պաշտոնական հաղորդագրություն չի ստացել իր մասնակցությունը կասեցնելու մասին։ ՌԴ ԱԳՆ-ն փետրվարի 23-ին ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի խոսքերից հետո Երևանից պարզաբանում էր ակնկալել, իսկ մարտի 6-ին հայտարարել, որ ՌԴ-ն հայկական կողմին Երևանի համար խնդրահարույց հարցերի շուրջ խորհրդակցությունների է հրավիրել։ Փաշինյանը մարտի 12-ին ասել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե իր բարձրացրած հարցերի պատասխանները չստանա։