Խորհրդարանական ընդդիմությունը որոշել է ապրիլի 9-ին մեկնարկող քառօրյայի առաջին հիմնական նիստի ժամանակ նախաձեռնել ՀՀ սահմանազատման և սահմանագծման հարցերով հրատապ նիստ Մհեր Գրիգորյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ: Տեղեկությունն Armenia Today-ին հաստատել են «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Հրապարակ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ պատգամավորների համոզմամբ՝ Տավուշում նախատեսված գործընթացներին նախորդած հայտարարությունները փաստում են, որ դրանք իրականացվելու են միջազգային նորմերի և ՀՀ սահմանադրության պահանջների ոտնահարմամբ։
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Բաքվի կողմից սահմանազատման նախապայմանների մասին։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ: