«Գոյ» թատրոնի անձնակազմն ապրիլի 2-ին Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրինության որոշման դեմ ակցիա է իրականացրել։ «Գոյ» թատրոնի դերասանները հայտարարել են, որ այս տարվա մարտի 24-ից չեն կարողացել օգտագործել իրենց հին անցագրերը շենք մտնելու և աշխատանքը շարունակելու համար։
Նշենք, որ 2023-ին կառավարությունը որոշել էր «Գոյ» թատրոնը միավորվել Սունդուկյանի թատրոնի հետ։
Դերասան Սամվել Թոփալյանը լրագրողներին հայտնել է, որ Սունդակյանի թատրոնի դռներն էլ են փակ իրենց առջև, քանի որ համապատասխան անցաթղթեր չեն տրամադրել իրենց։
«Մեզ անգամ անցաթղթեր չեն տրամադրել՝ այդպիսով խաթարելով մեր ստեղծագործական աշխատանքը։ Մեր առջև փակել են մեր՝ «Գոյ» թատրոնի դռները»,- ասել է դերասանը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ Սունդուկյանի թատրոնի տնօրինության հետ աշխատելու որևէ ցանկություն չունեն։
Դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը հայտնել է, որ մոտավորապես 1 ամիս բանակցել են ԿԳՄՍ նախարարության հետ՝ թատրոնի՝ անկախ միավոր լինելու պահանջի մասին, ինչն արդյունք չի տվել։
«Բայց մեր գլխի տակ փափուկ բարձր դրեցին, այդ ընթացքում դիմել էին պետռեգիստր, և թատրոնի գործունեությունը, որպես ՊՈԱԿ, արդեն դադարեցվել է։ Ստացվում է՝ բանակցություններն իմիտացիա էին»,- հավելել է Տեր-Մաթևոսյանը։
Անձնակազմը 2024-ի հունվարին անվստահություն էր հայտնել «Գոյ» թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սիմոնյանին, իսկ ավելի վաղ դիմել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել կառավարության՝ թատրոնը լուծարելու և Սունդուկյանի անվան թատրոնին միավորելու որոշումը։
Մանրամասները՝ տեսանյութում։