Լոնդոնի Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու բրոնզե կիսանդրին 6 ամսով կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում, հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:
2024 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում կիրականացվի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով մեծածավալ միջազգային ցուցադրությունը։
Նախարարությունը նշում է, որ Բրիտանական թանգարանի հետ կնքված փոխառության պայմանագրով մեկնարկելու է Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված և Բրիտանական թանգարանում պահվող ու ցուցադրվող բրոնզե գլխի և ձեռքի Հայաստան տեղափոխումը և 6 ամսով ժամանակավոր ցուցադրությունը։
Ցուցահանդեսին կներկայացվի Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուներից մայր աստվածությանը վերաբերող նշանակալի ընտրանի` սկսած հնագույն ժամանակներից մինչև Քրիստոնեություն և մեր օրեր։
Հունվարի 31-ին նախարարությունը հայտնել էր, որ Բրիտանական թանգարանի Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված կիսանդրին և ձեռքը ժամանակավոր ցուցադրության համար կտրամադրվեն Հայաստանի պատմության թանգարանին: