Հունական City Times-ը հայտնել է 1991 թվականի մայիսին խորհրդային բանակի և Ադրբեջանի «ՕՄՕՆ»-ի կողմից Ոսկեպար գյուղի բնակիչների սպանությունների մասին։ Հունական ամսագիրը քաղաքացիական անձանց և նրանց օգնության հասած ոստիկանների սպանություններն անվանել է «ցեղասպանություն»։
1991 թվականի մայիսի 5-ի լույս 6-ի գիշերն Ադրբեջանում տեղակայված խորհրդային զորքերը և ադրբեջանական «ՕՄՕՆ»-ը փակել էին Ոսկեպար գյուղի մուտքը, մտել գյուղ և պայթեցրել մեքենա, ինչի հետևանքով մահացել էր երկու մարդ, ծանր վիրավորվել 7 խաղաղ բնակիչ։
«Ոսկեպարում տեղի ունեցածի մասին իմանալուց հետո Նոյեմբերյանի ոստիկանական բաժանմունքի 20 աշխատակից և երեք քաղաքացի բնակիչներին պաշտպանելու նպատակով անտառի միջով փորձել էին մտնել գյուղ։ Նրանցից 11-ը դաժանաբար սպանվել էր, իսկ մյուսները ձերբակալվել ու տեղափոխվել էին ադրբեջանական ԽՍՀ Կիրովաբադ (Գանձակ, Գյանջա) քաղաքի բանտ, որտեղ ևս երեք մարդ մահացել էր»,- գրել է ամսագիրը։
Խորհրդային զորքերի ստորաբաժանումները գերեվարել և ադրբեջանցիներին էին հանձնել նաև գյուղում գտնվող և գյուղը հսկող 45 հայ ոստիկանի։
Մայիսի 8-ին Ոսկեպար գյուղից ևս երեք խաղաղ բնակիչ զոհվել էր հրետանային գնդակոծության հետևանքով, նշել է հրատարակությունը։ Ոստիկանության Բագրատաշենի բաժնի նախկին պետ Կարեն Անտոնյանը Greek City Times-ին պատմել է ադրբեջանական և խորհրդային զորքերի կողմից հայ ոստիկանների ուղղությամբ գնդացիրների և ինքնաձիգերի կրակոցների մասին։ Նրա խոսքով՝ կրակն անդադար շարունակվել է քսան րոպե, որից հետո ոստիկաններին թույլ չեն տվել վիրակապել վիրավոր գործընկերներին։
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետի տեղակալ Շահո Մելքոնյանն ամսագրին պատմել է նաև, որ խորհրդային բանակից զինվորներ են եղել, ովքեր Բաքվի հետ մասնակցել են «Օղակ» գործողությանը, որի ընթացքում 1991 թվականին Լեռնային Ղարաբաղի մի քանի բնակավայրերի բնակիչներ բռնի տեղահանվել են։
«Մեզ տեղափոխեցին Ղազախի (Ղազախստան) ոստիկանական բաժանմունք, իսկ այնտեղից՝ Կիրովաբադի բանտ։ Բոլորս երկու-երեք տեղից վիրավորվել էինք, բայց բուժօգնություն չկար։ Մեր տղաներից երեքի վերքերը ծանր էին, նրանք մահացան բանտում»,- հավելել է 101 օր ադրբեջանական գերության մեջ գտնված Գեորգի Քոչարյանը։
Ոսկեպարը Տավուշի մարզի հայկական գյուղերից է, որի հարակից տարածքներն Ադրբեջանը պահանջում է Հայաստանից։ Ոսկեպարի բնակիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված կոչում հիշեցրել էին, որ 1991 թվականից ի վեր ադրբեջանցիներն առևանգել են շրջանի ավելի քան քառասուն բնակչի, Ժամի ձորի թաղամասում տներ են ավերել, իսկ գյուղը մինչև 1992 թվականը գնդակոծվել է։ Ոսկեպարցիները վարչապետին կոչ էին արել լուծումներ գտնել, որոնք չեն ներառում պաշտպանական գծերով անցնող տարածքների զիջում։