Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը պահանջում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանի հրաժարականը, տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց ավագանու անդամ Հայկ Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ երկու օր առաջ դիմում են ներկայացրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և, ըստ ընթացակարգի, 20-օրյա ժամկետում սպասում են գրավոր պատասխանի։ Գրիգորյանը հավելեց, որ դիումի մեջ նշել է Բեգոյանի՝ այդ պաշտոնին անհամապատասխանությունը, բայց ոչ թե մասնագիտական առումով, այլ վարքագծի, էթիկայի նորմերի խախտման։
«Մարտի 24-ին Երևանի կենտրոնում մեր և ՀՈԱԿ-ի աշխատակիցների միջև հայհոյախառն միջադեպն է պատճառ հանդիսացել»,- ասաց Գրիգորյանը։
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը մարտի 24-ին հայտնել էր, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների հետ միջադեպից հետո իրենց խմբակցության անդամներ Հայկ Գրիգորյանը և Ռոբերտ Ծովյանը բերման են ենթարկվել և մի քանի ժամից ազատ են արձակվել։ Նա հավելել էր, որ իրենց անդամներին բերման են ենթարկել ՀՈԱԿ-ի տնօրենի՝ Արմեն Բեգոյանի հաղորդման հիման վրա։
Գրիգորյանն Armenia Today-ին մանրամասնեց, որ որևէ թեկնածու այդ պաշտոնի համար չեն առաջադրել, իրավունք էլ չունեն։ Նրա պարզաբանմամբ՝ դիմումը միայն Բեգոյանի լիազորությունները կասեցնելուն է վերաբերում։ Գրիգորյանը նշեց, որ դեռևս չի կարող ասել, թե ինչ կանեն Ավինյանի բացասական պատասխանի դեպքում։ «Այդ ժամանակ կքննարկենք»,- ասաց նա։