Հայաստանում 1100 քաղաքացիների 78,1%-ի համար բարեկամ երկիր է Ֆրանսիան, տեղեկանում ենք MPG/Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հրապարակած տվյալներից։ Հարցումն անցկացվել է մարտի 27-29-ը Հայաստանի տարբեր մարզերում՝ հեռախոսային հարցազրույցի միջոցով։
Միևնույն ժամանակ, Թուրքիան և Ադրբեջանը ներառվել են Հայաստանի նկատմամբ ոչ բարեկամ երկրների ցանկում։ Ադրբեջանին բարեկամ երկրների շարքում հարցված ոչ մի քաղաքացի չի դասել։ Գրեթե բոլոր հարցվածները (98,5%) Ադրբեջանը համարում են ոչ բարեկամ երկիր. 0.3%-ը չեզոք կարծիք է հայտնել, 0.1%-ը դժվարացել է պատասխանել։
Հարցված քաղաքացիների 93,2%-ի համար Թուրքիան դասվում է ոչ բարեկամ երկրների շարքին, միայն 0,8%-ն է բարեկամ երկիր համարում Թուրքիային (5,8%-ը չեզոք կարծիք է հայտնել, 0,2%-ը դժվարացել է կարծիք հայտնել)։
Քաղաքացիները, մասնավորապես, պատասխանել են հարցին, թե ո՞ր երկրների աջակցության վրա կարելի է հույս դնել դժվար պահերին և որո՞նք են ոչ բարեկամ երկրները, որոնց հետ հարաբերությունները կոնֆլիկտային են և սպառնում Հայաստանին։
Քաղաքացիների շրջանում երկրորդ տեղում է Հնդկաստանը, այդպես է կարծում հարցվածների 68,5%-ը (9,4%-ի համար, սակայն, այն ոչ բարեկամ երկրների ցանկում է։ Հնդկաստանի մասով 21,2%-ը չեզոք է արտահայտվել, հարցին դժվարացել է պատասխանել 0,9%-ը)։
Հայաստանի համար բարեկամ երկրների ցանկի երրորդ հորիզոնականում հարևան Իրանն է՝ հարցված քաղաքացիների 57,8%-ի կարծիքով (27,5%-ը չեզոք կարծիք է հայտնել, 13,4%-ն Իրանը համարել է ոչ բարեկամ երկիր, իսկ 1,4%-ը դժվարացել է պատասխանել)։
Ցանկում այնուհետև ԱՄՆ-ն է 41 %-ի կարծիքով (37,1%-ը չեզոք կարծիք է հայտնել, 19,8%-ն ԱՄՆ-ին համարել է ոչ բարեկամ երկիր, իսկ 2,1%-ը դժվարացել է պատասխանել հարցին), ինչպես նաև Չինաստանը՝ 35,0%-ի կարծիքով (46,4%-ը, սակայն, այս առումով չեզոք է արտահայտվել, երկրին բարեկամ չի համարում 16,5%-ը, իսկ 2,1%-ը դժվարացել է պատասխանել հարցին) և Վրաստանը՝ հարցվածքների 34,0%-ի կարծիքով (41,9%-ը չոզոք կարծիք է հայտնել, 23,7%-ի համար Վրաստանը բարեկամ երկիր չէ, 0,5%-ը դժվարացել է պատասխանել հարցին)։
Տասնյակը եզրափակում են Գերմանիան, որին բարեկամ է համարել հարցվածների 32,4%-ը (44,2%-ը չեզոք պատասխան է տվել, 21,1%-ը Գերմանիան համարում է ոչ բարեկամ երկիր, իսկ 2,3%-ը դժվարացել է պատասխանել հարցին), Ռուսաստանը՝ 29,7% (43,0%-ը չի կիսում այս կարծիքը՝ համարելով ոչ բարեկամ երկիր։ 26,2%-ը չեզոք պատասխան է տվել, 1,1%-ը դժվարացել է պատասխանե) և Մեծ Բրիտանիան՝ 17,0% (43,0%-ը դժվարացել է պատասխանել, 36,2%-ի համար այն ոչ բարեկամ երկիր է, 3,8%-ը հարցին դժվարացել է պատասխանել)։
Բարեկամ երկրների շարքում վերջին տեղերն զբաղեցրել են Թուրքիան, Ադրբեջանը, Ուկրաինան և Ղազախստանը։
Հարցվածների միայն 13,0%-ն է Ղազախստանին է համարում բարեկամ երկիր (46,5%-ը չեզոք է արտահայտվել, 36,1%-ի համար Ղազախստանը բարեկամ երկիր չէ, 4,5%-ը դժվարացել է պատասխանել հարցին) և միայն 12,7%-ի համար է Ուկրաինան դասվում է բարեկամ երկրների շարքին, հակառակ կարծիք ունի 51,1%-ը (34,9%-ն այս երկրի հարցում չեզոք է, 1,3%-ը դժվարացել է պատասխանել)։