ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար, Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատել է Հայաստանին աջակցելու Ֆրանսիայի գործողությունները և ասել, որ Անկարան հնարավոր բոլոր աջակցությունը կտրամադրի Բաքվին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը «երբեք մենակ չի մնա», քանի որ ուժի մեջ է Թուրքիայի և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը։
«Այսօր Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելը ոչ մի օգուտ չի խոստանում ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ տարածաշրջանին։ Փոխարենը պետք է նպաստել տարածաշրջանում խաղաղությանը»,- ասել է նա Բաքու կատարած այցի ժամանակ։
Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն ապրիլի 2-ին Ադրբեջանին մեղադրել էր Հայաստանի սահմանին հակամարտության սրման մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ և ասել, որ Ադրբեջանի հռետորաբանությունը դուրս է գալիս վերահսկողությունից։