Տավուշի 4 գյուղի հետ կապված լուրջ խնդիրներ են լինելու, լրագրողներին հայտնել է ՀՀ երրորդ նախարար Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով գյուղերը զիջելու դեպքում Հայաստանի անվտանգությանն սպառնացող հնարավոր վտանգներին։
Սարգսյանի խոսքով՝ ամենամեծ խնդիրն այն է, թե ինչ հիմնավորումներով են այդ գյուղերը հանձնում Ադրբեջանին։
«Ցանկացած դիվանագիտական մի թեթև կուրս անցած մարդը գիտի, որ բանակցային պրոցեսի դեպքում, երբ համաձայնեցված չէ փաստաթղթի վերջին կետը, ապա նախորդ բոլոր կետերը համաձայնեցված չեն։ Այսինքն՝ սա բանակցությո՞ւն է, սահմանազատան գործընթա՞ց է, թե՞ ուղղակի Ադրբեջանի պահանջին հագուրդ տալ է։ Մեր գլխավոր բանակցողը մեզ ասում է՝ եթե չտանք, ապա ադրբեջանցիները կհարձակվեն։ Մենք արդյոք կարո՞ղ ենք մտածել, որ վաղը կամ մյուս օրն Ադրբեջանը կարող է պայման դնել ու ասել՝ եթե Սյունիքը չտաք, մենք կհարձակվենք և այսպես ինչ ուզի, վերցնի։ Սա ի՞նչ մոտեցում է»,- նշել է Սարգսյանը։
Նա նշել է, որ գյուղերը զիջելու սցենարի դեպքում խնդիրներ են լինելու։
«Ինչպե՞ս են այս փուլում հայերն ու ադրբեջանցիները կողք-կողքի և խաղաղ ապրելու, ադրբեջանցիներն ինչի՞ց ելնելով պետք է մեր Հանրապետություն մտնող գազատարն անվնաս թողնեն»,- հավելել է Սարգսյանը։
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Բաքվի կողմից սահմանազատման նախապայմանների մասին։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ: