Եկել է Եվրամիության և ԱՄՆ-ի հետ Հայաստանի տնտեսական համագործակցությունը զարգացնելու և առևտուրը խթանելու ժամանակը, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ համատեղ ճեպազրույցում:
Փաշինյանը կարևորել է բրյուսելյան եռակողմ հանդիպումը և այն անվանել ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Հայաստանի ընդլայնվող գործընկերության արդյունք։
«Չնայած բազմաթիվ ճգնաժամերին՝ Հայաստանն զգալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ապահովման ուղղությամբ։ Չբավարարվելով ձեռք բերած առաջընթացով՝ կքննարկենք Հայաստանի ջանքերը՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունության ամրապնդմանը»,- ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է Հայաստանի հանձնառությունն արդարադատության և հանրային հատվածի բարեփոխումների հետևողական իրականացմանը։ Հայաստանի կառավարությունը, նրա խոսքով, վճռական է բարձրացնելու հանրապետության մասնավոր հատվածի մրցունակությունը նոր շուկաներ դուրս գալու համար։
«Ակնկալում ենք, որ մեր գործընկերները կաջակցեն մեզ արդիականացնել Հայաստանի որակի ենթակառուցվածքը, կառուցել բիզնես ցանցեր և ուսումնասիրել առևտրի դյուրացման հնարավոր սխեմաները»,- ասել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեմային։ Նա ընդգծել է Հայաստանի հավատարմությունը մի գործընթացի, որը հիմնված է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի:
«Հայաստանը լիովին հավատարիմ է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը և տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը, որը հիմնված է երկրների ինքնիշխանության և իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների լիարժեք հարգման վրա»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը։