Ստեփանակերտում տեղակայված Կարմիր խաչի գրասենյակը տեղափոխվել է Բարդա, «Լուրեր»-ին հայտնել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նա չի հստակեցրել, թե այս պահին Լեռնային Ղարաբաղում քանի հայ է մնացել, ըստ նրա՝ Կարմիր խաչը տարբեր հարցերով օգնել է մոտ 20 հայի։
ԼՂՀ ՆԳՆ նախկին խոսնակ Հունան Թադևոսյանի խոսքով՝ ԼՂ-ում, իրենց վերջին տվյալներով, մնացել է 8-10 հայ։
Ավելի քան 100 հազար բռնի տեղահանվածներից, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության վերջին տվյալներով, միայն 1600-ն են դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից մոտ 84 հազարն արդեն հաշվառվել է Հայաստանի հասցեներով, 82 հազարը ձեռք է բերել փախստականի ժամանակավոր պաշտպանության վկայական, Հայաստանի քաղաքացիության համար դիմել է ավելի քան 1600 անձ»,- հայտնել է Արմեն Ղազարյանը։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել էր, որ Արցախից բռնի տեղահանված շուրջ 11 000 մարդ արտագաղթել է Հայաստանից։
Մարտի 21-ին Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը Հայաստանի իշխանություններին կոչ էր արել թույլ չտալ արցախցիների արտագաղթը երկրից` մինչև նրանց վերադարձն Արցախ: Մարտի 6-ին նա քննադատել էր արցախցիների սոցիալական աջակցության և բնակարանով ապահովելու ծրագրերը և ասել, որ դա կբերի զանգվածային արտագաղթի։ Բեգլարյանն ապրիլի 2-ին ասուլիսի ժամանակ նշել էր, որ ՀՀ իշխանությունները հաճախ արցախահայերի խնդիրների շուրջ հանրային քննարկման իմիտացիա են ստեղծում։
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել էր ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300-ը, գերեվարվել էր 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր ժամանել ՀՀ։