Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը դատապարտել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական նշանակումներն օկուպացված Ստեփանակերտում։
Հանձնախումբը հայտարարություն է ընդունել Ստեփանակերտի քաղաքային դատարանի նախագահ և դատավոր նշանակելու մասին Ալիևի՝ ապրիլի 8-ի հրամանագրի առնչությամբ։
«Կարծում ենք, որ այս նշանակումները կրում են հեռուն գնացող, չարիքաբեր/կործանարար մտադրություններ, որոնք ուղղված են գույքի բռնագրավման և ֆիզիկական անձանց հետապնդման անօրինական գործընթաց սկսելուն։ Ցանկացած քաղաքական նշանակում օկուպացված ԼՂ-ի ցանկացած քաղաքում կամ տարածաշրջանում, հատկապես՝ էթնիկ զտումների և ցեղասպանության սպառնալիքի ներքո իրենց տներից բռնի կերպով վտարված բնակչության բացակայության դեպքում, և՛ անօրինական է, և՛ դատապարտելի»,- ասված է հայտարարության մեջ։
Հանձնախումբը նշել է, որ Ադրբեջանի նման գործողությունները ոչ միայն հակասում են ինքնորոշման և ժողովրդավարական կառավարման սկզբունքներին, այլև ակնհայտորեն ցույց են տալիս այս տարածաշրջանի քաղաքական և վարչական գործընթացներում Արցախի ժողովրդի կամքն արտացոլելու իրական ցանկության բացակայությունը։
Կոմիտեն նաև հիասթափություն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու և Բարդա տեղափոխելու կապակցությամբ։
«Ադրբեջանի ձեռքերը լիովին ազատ կլինեն անելու այն, ինչ կցանկանա, ինչին էլ նա ձգտում էր երկար ժամանակ»,- ընդգծված է մարմնի հայտարարության մեջ։
Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնաժողովն ստեղծվել է Արցախի խորհրդարանի 2023 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ։ Այն գլխավորում է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը (1998-2008թթ․)։
Կարդացեք նաև՝ Արցախի խորհրդարանի ղեկավարը խոսել է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անելիքների մասին