Ապրիլի 9-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ ԱԺ-ում տեղի ունեցած սահմանազատման և սահմանագծման թեմայով հրատապ փակ նիստի ժամանակ ընդդիմության հարցերի պատասխաններից պարզ է դարձել, որ իշխանությունները չգիտեն՝ երբ են մեկնարկելու սահմանագծման աշխատանքները, որ թվականի քարտեզներն են որպես իրավական հիմք ընդունվելու, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով սեփական աղբյուրին։
Փոխվարչապետի խոսքով՝ սահմանազատման գործընթաց չի սկսվել Երևանի ու Բաքվի կոնսենսուսի բացակայության պատճառով։ «Կարևորագույն սկզբունքների շուրջ՝ անվտանգություն, սոցիալ-կենցաղային և իրավական, պաշտոնական Երևանի և Բաքվի միջև չկա կոնսենսուս, ուստի վաղ է խոսել սահմանազատման գործընթաց սկսելու մասին»,- «Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ ասել է Գրիգորյանը։
Նա ավելի շատ իրավական հիմնավորումներ է ներկայացրել, թե ի՞նչն են դիտարկել գործընթացի համատեքստում, ինչպե՞ս են պատկերացնում պրոցեսը, բայց շեշտել է, որ որևէ հարցում որոշում չեն կայացրել, նշել է թերթը։
Թերթը նշել է, որ ընդդիմադիրներին ապշեցրել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի վախվորած պահվածքը: Միրզոյանը, ընդդիմադիրների տպավորությամբ, եկել է շարունակելու Փաշինյանի գիծը, որ եթե չկատարենք Ադրբեջանի պահանջները, ապա պատերազմն անխուսափելի է լինելու։
«Ասել է՝ իբրև իրենք էլ են ուզում, որ ամեն ինչ լավ լինի, բայց Ադրբեջանին չեն կարողանում կառուցողական դաշտ բերել, և մեր պետության վիճակի չափազանց տխուր ախտորոշում է տվել, թե՝ մեղմ է ասել, որ ամեն ինչ շատ վատ է, Ադրբեջանը չի ընդունում խաղաղության պայմանագրի վերաբերյալ պաշտոնական Երևանի որևէ կառուցողական առաջարկ, ինչ ներկայացնում ենք, տրամագծորեն հակառակ պատասխանն ենք ստանում, ուստի Միրզոյանը պատերազմի վտանգն առավել քան հավանական է համարել»,- գրել է թերթը։
Ըստ աղբյուրի՝ Միրզոյանը խոսելիս ձայնը բարձրացրել է ընդդիմադիրների վրա, սակայն նրան հորդորել են տոնը փոխել, ինչին ի պատասխան ընդունել է, որ լարված է:
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Բաքվի կողմից սահմանազատման նախապայմանների մասին։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ: