Սահմանազատումից հրաժարվելը երաշխավորում է նոր հարձակում ՀՀ ինքնիշխան տարածքի վրա․ Փաշինյան
Տավուշի մարզում սահմանազատումից հրաժարվելը երաշխավորում է անվտանգային սպառնալիքներ և նոր հարձակում՝ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, ԱԺ-ում 2023 թվականի կատարողականը զեկուցելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը դեմ չէ Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման գործընթացն սկսել ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղի հատվածներից, սակայն այդ համատեքստում հաճախ հնչում է երեք հարց։
Նրա խոսքով՝ այդ հատվածներում սահմանազատումը չի երաշխավորում անվտանգություն։
«Չի երաշխավորում, բայց հարցը հասցեագրելուց հրաժարումը երաշխավորում է անվտանգային սպառնալիքների շարունակաբար մեծացում, և այս բացասական երաշխիքը նախ պիտի չեզոքացնենք»,- ասաց Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ այդ գործընթացը չի երաշխավորում, որ ՀՀ-ի վրա հարձակում չի լինի։
«Չի երաշխավորում, բայց հակառակ գործելակերպը երաշխավորում է նոր հարձակում ՀՀ-ի ինքնիշխան տարածքի վրա, և այս բացասական երաշխիքը նախ պետք է չեզոքացնել»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը նշեց նաև, որ Տավուշի սահմանի նշյալ հատվածում սահմանազատումն ու դրա արդյունքների իրագործումը չի երաշխավորում, որ Ադրբեջանը կպահի սահմանազատման տրամաբանությունը և կվերադարձնի ՀՀ ավելի քան 3 տասնյակ գյուղերի կենսական նշանակության տարածքները։
«Չի երաշխավորում, բայց նշված հատվածներում սահմանազատում չիրականացնելը երաշխավորում է, որ Ադրբեջանը չի վերադարձնի մեր գյուղերի կենսական նշաակության տարածքները, և այս նեգատիվ երաշխիքները նախ պետք է չեզոքացնենք»,- ասաց նա։
Վարչապետը նշեց, որ խոսույթը, որն առաջարկում է, հեշտ չէ, այն ծանր է՝ նույնիսկ տառապանքներով լի, սակայն իրական Հայաստանի ու պատմական Հայաստանի միջև սահմանազատումը տեղի է ունենում յուրաքանչյուրիս ներսում և չափազանց ցավոտ է։
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Բաքվի կողմից սահմանազատման նախապայմանների մասին։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ:
Մանրամասները՝ տեսանյութում։