Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Միասին» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ եթե Տավուշի մարզի տարածքները հանձնվեն Ադրբեջանին, և Հայաստանի իշխանությունները շարունակեն գործողությունների ընթացքը, Երևանը «կհայտնվի Ստեփանակերտի կարգավիճակում»:
Նա մանրամասնել է, որ դա նաշանակում է մնալ առանց գազ, լույս, առանց մատակարարումների ու անվտանգության: Թշնամին կհայտնվի Լոռու մարզում՝ կիսելով Տավուշի մարզը, դեպի Վրաստան տանող երկաթգիծը:
«Մենք 5 մլն տոննա բեռների շրջանառություն ունենք, որից 3,5 մլն տոննան այդ երկաթգիծն է ապահովում, 2 մլրդ խորանարդ մետր գազ գալիս է այդտեղից, ընդամենը 5-6 մլն խորանարդ մետր՝ Իրանից, որը նույնպես հարվածի տակ է հայտնվելու: Երևանը կհայտնվի Ստեփանակերտի վիճակում՝ առանց գազ, լույս, խանութները չեն աշխատի»,- նշել է նա:
Նախկին վարչապետը հայտարարել է, որ դրանից հետո Թուրքիան պահանջելու է փակել ատոմակայանը: Նա հիշեցրել է, որ իր վարչապետության օրոք 43 անգամ ադրբեջանցիները պայթեցրել են ՀՀ մտնող գազամուղը, և ամեն անգամ հայկական կողմը դեպի արևմուտք է տեղափոխել այն:
«Ամենասկզբում՝ գազամուղը Ղազախով էր անցնում, մենք հեռացրել ենք, որ Ադրբեջանի հրետանու հարվածի տակ չլինի, հիմա ինքն է մոտեցնում Ադրբեջանին»,- ասել է Բագրատյանը:
Խոսելով «Միասին» շարժման հետագա անելիքների մասին՝ Բագրատյանը նշել է, որ կախված ընթացող ԱԺ նիստի արդյունքներից, որում քննարկվում է կառավարության հաշվետվությունը, շարժումը նախատեսում է դիմել գլխավոր դատախազություն՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով: Շարժումը նախատեսում է նաև շարունակել հանրահավաքները։
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Բաքվի կողմից սահմանազատման նախապայմանների մասին։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ:
Մանրամասները՝ տեսանյութում: