Ապրիլի 10-ին ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շփվելուց հետո մարզերի դպրոցականներների ինքնազգացողությունը վատացել է, քանի որ նրանց մոտ 1 ժամ արգելել են դուրս գալ օթյակից՝ Փաշինյանի ճեպազրույցի պատճառով, հայտնել է «Հրապարակ»-ը։
ԱԺ-ում կառավարության 2023 թվականի կատարողականի զեկույցի մեծ ընդմիջումից հետո Փաշինյանը որոշել է բարձրանալ լրագրողների օթյակ, որտեղից նիստին հետևել են ԱԺ-ում այդ օրը հյուր եկած աշակերտները:
«Մեծաթիվ թիկնազորի ուղեկցությամբ երեխաներին այցելած վարչապետին օթյակից դուրս գալիս շրջապատել են ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները։ Մոտ 1 ժամ երկու տասնյակ պատանիներ ստիպված փակված են մնացել օթյակում, որը փոքրիկ, անօդ տարածք է՝ առանց պատուհանների»,- հայտնել է թերթը:
Ըստ լրատվականի՝ երեխաները դուրս գալու մի քանի փորձ են արել, բայց թիկնապահները դրսից ամուր փակել են օթյակի դռները, քանի որ վարչապետը թիկունքով կանգնած էր դռների առաջ։