Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ՀՀ ՊՆ 4 զինծառայող է մահացել, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:
«Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում»,- նշում է գերատեսչությունը:
Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ: ՊՆ-ից փոխանցում են, որ տվյալներն այս պահին ճշգրտվում են:
2023 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում 64 զինծառայող էր զոհվել։ Ըստ կառավարության տվյալների՝ զինված ուժերում մարտական պայմաններում զոհվել էր 19 զինծառայող:
Դատախազության տարեկան զեկույցի համաձայն՝ 2023 թվականին զինծառայողների մահվան դեպքերը 2022-ի համեմատ 69%-ով (22 դեպքով) ավելացել են։