Ադրբեջանն այս պահին լայնամասշտաբ ռազմական գործողության գնալու խնդիր չունի, ինչը չի բացառում լոկալ բնույթի գործողություններ, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով Armenia Today-ի հարցը՝ հայ-ադրբեջանական լայնամասշտաբ ռազմական գործողությունների բռնկման հավանականության մասին։
«Ադրբեջանը փորձում է դրան հասնել տակտիկական տարբեր գործողությունների ձևով՝ կլինի դիվանագիտական թե մարտական, ձևավորել այնպիսի իրավիճակ, որի պայմաններում Հայաստանի որևէ իշխանություն չի կարող դիմադրել, և բանակցային գործընթացում դատապարտված է հանդես գալ զիջողականության տեսանկյունից»,- ասաց Աբրահամյանը։
Բաքվի կողմից լայնածավալ հարձակման պլանների բացակայությունը, սակայն, չի բացառում տեղական ռազմական գործողությունների հնարավորությունը սահմանի առանձին հատվածներում, ընդգծեց Աբրահամյանը։ Ըստ նրա՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում հայկական դիրքերի գնդակոծությունները ցույց են տալիս Հայաստանի կենսունակությունը թուլացնելու և Երևանին ինքնիշխան որոշումներ կայացնելու հնարավորությունից զրկելու Ադրբեջանի մտադրությունը։
Փորձագետը նաև խոստովանեց, որ տեղային գործողություններն ինչ-որ պահի կարող են վերածվել լայնածավալ գործողությունների, սակայն այս պահին միջազգային հանրության որոշակի ճնշման պայմաններում Բաքուն նման նպատակ չունի։
«44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական ագրեսիան, հարձակումները, մարտական գործողությունները նպատակ ունեին կոնկրետ ուղղություններով ստանալ մարտավարական և ռազմավարական առավելություն՝ Հայաստանի նկատմամբ էֆեկտիվ ճնշումներ և ազդեցություն ապահովելու և ցանկացած գործընթացում իրենց համար շահեկան արդյունք ունենալու տեսանկյունից»,- պարզաբանեց Աբրահամյանը։
ՀՀ պաշտպանության նախարարությունն ապրիլի 8-ին երեք անգամ հերքել էր Բաքվի հաղորդագրությունը սահմանի արևելյան և հարավարևելյան հատվածներում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին։ Նախարարությունը հերքել էր նաև Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 23։35-23։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։