Քննչական կոմիտեն երթուղայինում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանելու և նրան վիրավորելու միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնել, տեղեկանում ենք ՔԿ հաղորդագրությունից։
Ըստ ՔԿ-ի՝ Սամվել Վարդանյանը, որը պատգամավորին վիրավորելու հիմքով ապրիլի 15-ին ձերբակալվել էր, «իրեն թույլ տալով հակահասարակական վարքագիծ, կոպտորեն խախտել է հասարակական կարգը, ինչպես նաև հասարակական վայրում կատարել է քաղաքական ուժի նկատմամբ թշնամանք տարածող արտահայտություններ»։
ՔԿ-ն քրվարույթը նախաձեռնել է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (խուլիգանություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 2 տարի ժամկետով):
Ապրիլի 15-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ քաղաքացին վիրավորում էր պատգամավորին, նրան անվանում «հակահայ վիժվածք»։ Սիմոնյանը գրել էր, որ «խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին»։ Ավելի ուշ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր Վարդանյանի ձերբակալության մասին՝ նշելով, որ տեսանյութում «ո՛չ խուլիգանության, ո՛չ էլ որևէ այլ հանցակազմի նշույլ չկա»։