ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում Հայոց ցեղասպանության տարելիցի օրը աշխարհացունց ուղերձ հրապարակելու համար, որով հավանաբար «կուրանա» հայոց պատմության այդ էջը՝ փորձելով բավարարել թշնամու հերթական պահանջը, նման եզրակացություն է արել «Հրապարակ» օրաթերթը՝ ապրիլի 13-ին ՔՊ Ժողովրդավարության դպրոցում «ՀՀ սոցիալ-հոգեբանությունը» թեմայով Փաշինյանի դասախոսությունից հետո։
«ՔՊ-ական շրջանակներում այլևս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար»,- գրել է թերթը։
Ըստ աղբյուրի՝ վարչապետի գլխավոր ասելիքն այն էր, թե Հայոց ցեղասպանության պահանջատիրության թեման սրել է ԽՍՀՄ-ը՝ 1946-ից սկսած, երբ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները սրվել էին և ստեղծվել էր ՆԱՏՕ-ն։ Փաշինյանն ասել է, որ ՌԴ-ն Եղեռնից մազապուրծ գաղթականների վերադարձ է կազմակերպել, որն ավելի է սրել պահանջատիրության հարցը։
Լրատվականը նկատել է, որ ողջ դասախոսության ընթացքում Փաշինյանը չի օգտագործել «ցեղասպանություն» բառը, ասել է կա՛մ «Մեծ եղեռն», կա՛մ «դժբախտություն»։
Դասախոսությունից 2 օր անց արդեն ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը շարունակել էր Փաշինյանի թեզը՝ կոչ անելով ճշտել ու արձանագրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները։