ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Մասնավորապես, Վ. Մ.-ն, հանդիսանալով ՀՀ ՊՆ տարածքային զինվորական կոմիսարիատներից մեկի զորակոչի բաժանմունքի պետի պաշտոնակատար, բժշկական կենտրոններից մեկի տնօրենի օժանդակությամբ մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություն կատարելու՝ կեղծ բժշկական ախտորոշումների հիման վրա զինվորական ծառայության հերթական զորակոչից տարկետում տրամադրելու կամ զինվորական ծառայությունից ազատելու հիմքեր ստեղծելու համար տարբեր անձանցից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 125.000 ԱՄՆ դոլար կաշառք:
«Վ. Մ.-ն տեղեկանալով, որ ԲԿ տնօրեն Ա. Մ.-ն հնարավորություն ունի ձեռք բերել զորակոչի ենթակա անձանց ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար հիմք հանդիսացող «Արախնոիդալ կիստա» ախտորոշմամբ բժշկական եզրակացություններ, 5 տարբեր զորակոչիկի օգտին ապօրինի գործողություններ կատարելու նպատակով նրան առաջարկել է գումարի դիմաց ձեռք բերել և իրեն տրամադրել հիշյալ կեղծ եզրակացությունները»,- հայտնում է կոմիտեն:
Նշվում է, որ Վ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (5 դրվագ) և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ նրան օժանդակած Ա. Մ.-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (5 դրվագ), 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 46-44-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար: