Ռուս խաղաղապահները լքել են Արցախի Դադիվանքի հայկական վանական համալիրի տարածքը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ վանքը ներկայումս «հսկվում է ադրբեջանական ոստիկանության կողմից»։ Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ «դրանով սկսվել է ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերման գործընթացը» Լեռնային Ղարաբաղից։
Հունվարին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հարցն այլևս չի վերաբերում հայկական կողմին, և Ռուսաստանի ու Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների հարց է։ Մարտին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել էր, որ Ռուսաստանի համար կարևոր է, որ հայերն «ապրեն իրենց պատմական հայրենիքում՝ Ղարաբաղում»։ Դեսպանի խոսքով՝ հենց դրանով է պայմանավորված այնտեղ ռուս խաղաղապահների ներկայությունը։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախից բռնի տեղահանվածների թիվը գերազանցել է 100 հազարը։ 2023 թվականի հոկտեմբերի 26-ին Հայաստանի կառավարությունը նրանց տվել էր փախստականի կարգավիճակին համարժեք պաշտպանության ժամանակավոր կարգավիճակ։